Կապանում ժամանակակից ժամանցի վայրերի պակասը վաղուց քննարկվող թեմա է։ Սոցիալական ցանցերի տեղական խմբերում հաճախ կարելի է հանդիպել դժգոհությունների, որ քաղաքում ընտանիքով հանգստանալու, երեխաների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու կամ երիտասարդների ժամանցը կազմակերպելու հնարավորությունները սահմանափակ են։
Եվ սա այն դեպքում, երբ Կապանը Հայաստանի տնտեսապես ամենաակտիվ քաղաքներից է, ունի զգալի տնտեսական ներուժ և վճարունակ բնակչություն, սակայն ժամանցի ու հանգստի ենթակառուցվածքները դեռևս չեն համապատասխանում քաղաքի հնարավորություններին։
Այս ֆոնին ուշադրության է արժանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Կապան համայնքի զարգացման ծրագրում ընդգրկված «KAPAN ARENA» նախագիծը։
Խոսքը ոչ թե սովորական մարզահամալիրի, այլ սպորտի, մշակույթի և ընտանեկան ժամանցի խոշոր կենտրոնի մասին է, որի ներկայացված պատկերներներն արդեն իսկ տպավորիչ են։

Նախագծով նախատեսվում է կառուցել մինչև 1500 հանդիսատեսի համար նախատեսված համերգային դահլիճ, ժամանակակից մարզահամալիր՝ բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտզալի և այլ մարզաձևերի համար, փակ լողավազան, թենիսի ու պադելի խաղադաշտեր։


Համալիրում նախատեսված են նաև մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ, շատրվանով հրապարակ, սրճարաններ, զբոսանքի ու հեծանվային ուղիներ։ Առանձին տարածքներ են նախատեսվում ստեղծագործական խմբակների, երաժշտական ստուդիաների և տարբեր միջոցառումների համար։

Ծրագրով խոստանում են նաև անվճար կամ արտոնյալ մարզական ու ստեղծագործական խմբակներ երեխաների և պատանիների համար։
Նման կենտրոնի կառուցումը կարող է էապես փոխել Կապանի առօրյան։ Քաղաքում հնարավոր կլինի կազմակերպել ավելի մեծ համերգներ, մարզական մրցումներ, մշակութային միջոցառումներ, իսկ ընտանիքները կունենան հանգստի ու ժամանցի նոր հնարավորություններ՝ առանց այլ քաղաքներ մեկնելու անհրաժեշտության։
Ավելին՝ նման մասշտաբի համալիրը կարող է գրավիչ դառնալ նաև մարզի մյուս բնակավայրերի բնակիչների համար՝ աշխուժացնելով Կապանի սպասարկման ու զբոսաշրջության ոլորտները։
Հատկապես հետաքրքիր է նախագծի տնտեսական կողմը։ Խոշոր միջոցառումները կարող են Կապան բերել հարյուրավոր այցելուների, ինչից կշահեն տեղի հյուրանոցները, ռեստորանները, սրճարաններն ու փոքր բիզնեսը։ Նման կենտրոնի գործունեությունը կարող է նաև նոր աշխատատեղեր ստեղծել՝ սպասարկումից մինչև միջոցառումների կազմակերպում։
Բայց թերևս ամենակարևորն այն է, որ Կապանը կարող է ձեռք բերել հանրային կյանքի նոր կենտրոն՝ մի վայր, որտեղ տարվա բոլոր եղանակներին մարդիկ կկարողանան հանդիպել, հանգստանալ, սպորտով զբաղվել կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել։
Իհարկե, այս ամենն առայժմ ներկայացված է որպես ծրագրային նախաձեռնություն։
Այդուհանդերձ, «KAPAN ARENA»-ի գաղափարը կարևոր հարց է առաջ բերում․ արդյո՞ք Կապանի տնտեսական հնարավորություններին համապատասխան զարգանո՞ւմ է նաև քաղաքի ժամանցային ու մշակութային կյանքը․․․













