ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստան՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոններ. Կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցություն» դրամաշնորհային համաձայնագրի հաստատման հարցը։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի օգոստոսի 12-ին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև։ Դրամաշնորհի նպատակն է աջակցել Սյունիքում կառուցվող մաքսային և լոգիստիկ կենտրոնի ծրագրի իրականացմանը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը միջազգային բնապահպանական չափանիշներին։
Նախատեսվում է, որ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը կկառուցվի Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով։
Նշենք, որ Սյունիքի կենտրոնի կառուցման համար Հայաստանի Հանրապետությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 12 մլն եվրո, որից 10 մլն եվրոն վարկային միջոցներ են, իսկ 2 մլն եվրոն՝ դրամաշնորհ։
Իսկ դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցությունը ներառում է բնապահպանական չափանիշներին համապատասխանության ապահովում, էներգաարդյունավետության բարձրացման, ռեսուրսների խնայողաբար օգտագործման և էկոլոգիապես մաքուր նյութերի ու տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն։
Կառավարությանն առաջարկվում է հաստատել օգոստոսի 12-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագիրը։














