Այս պահին Կապանում ձյուն է տեղում, ձյունն այդքան էլ առատ չի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանն, ով ղեկավարում է նաև մարզպետի որոշմամբ ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքները։
«Նոր տեղեկություն ստացա, որ Սարավանից Զանգեր հատվածում բուք է, ինչը ենթադրում է, որ այնտեղ գոնե որոշակի ժամանակով ճանապարհը փակելու են»,-ասաց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այնտեղ երթեևեկություն կա մարդատար մեքենաների համար. «Երթևեկություն կա մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների որոշ տեսակների համար, կախված անվադողերի՝ ձմեռային կամ ամառային լինելուց, կա, բայց որպես կանոն ճանապարհային ոստիկանությունը այնպես է կարգավորում, որ երթևեկությունը բեռնատարների համար լինի միակողմանի, որ այդ հատվածներում անհարկի խցանումներ չառաջանան։ Այսինքն, ճանապարհային ոստիկանությունը Սատանի կամուրջի հատվածում, Կապանից, երբ որ թեքվում ես դեպի այդ ճանապարհի ուղղությամբ դեպի Աղվանի, այդտեղ կառավարվում է ավտոմեքենաների շարժը»,-նշեց Մարտիրոսյանը։
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ այս պահին այլ ճանապարհահատվածների դժվարանցանելիության մասին տեղեկություն չկա։ «Գիշերը որոշակի ծավալով՝ շատ չէ, ձյուն է եկել, հիմա մշակման աշխատանքներ են իրականացվում, Սարավանում խնդիր կա՝ բուք կա։ Համեյնադեպս, մեզ մոտ անանցանելի ճանապարհ չկա»,- տեղեկացրեց Էդգար Մարտիրոսյանը։
Հեղինակ՝ Հայկա Ալոյան
Աղբյուրը՝ armdaily.am













