Սիսիան
107

Վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին ՏԿԵՆ-ի հրամանը


«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ՀՀ վարչական դատարանի վճռով շարունակում է մնալ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի կրողը: ՀՀ վարչական դատարանը մասամբ բավարարել է ընկերության հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) 28.07.2020թ․ թիվ 1008-Ա հրամանի, որով դադարեցվում էր ընկերության ընդերքօգտագործման իրավունքը:

ՀՀ Վարչական դատարանը բավարարել է ընկերության պահանջը ՏԿԵՆ-ի՝ հրամանը անվավեր ճանաչելու մասին, սակայն մերժել է ընկերության պահանջը հրամանն առ ոչինչ ճանաչել: Հայցի մասնակի բավարարման համար ընկերությանն օգնել է կորոնավիրուսային համավարակը: Բանն այն է, որ դատարանը հայցը մասնակի բավարարել է այն հիմնավորմամբ, որ ՏԿԵՆ-ի հրամանն ընդունվել է օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ. վարչական վարույթը հարուցվել է 02.03.2020թ., իսկ հրամանը՝ 28.07.2020թ.: Դատարանը հիմնավոր չի համարել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված երկրում իրականացվող սահմանափակումների և դրա պատճառով ժամկետի երկարաձգման մասին ՏԿԵՆ-ի բացատրությունը:

Հիշեցնենք, որ 28.07.2020թ․ ՏԿԵՆ-ի թիվ 1008-Ա հրամանով ընդերքօգտագործման դադարեցման հիմնական պատճառը «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի կողմից հանքը չշահագործելն էր: Նախարարությունը դրա համար անհաղթահարելի ուժ չէր ճանաչել ընկերության այն պնդումը, որ շուկայում օգտակար հանածոների գների տատանումների արդյունքում ընդերքօգտագործումը տնտեսապես անարդյունավետ է դիտվել:

ՏԿԵՆ-ը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան ընդեմ ՀՀ վարչական դատարանի որոշման, սակայն 2021թ-ի օգոստոսի 6-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ դատարանը վերադարձրել է բողոքը հիմնավորմամբ, որ այն հստակ պահանջ չպարունակելու հիմքով չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջին: ՏԿԵՆ-ը վճռաբեկ դատարան չի դիմել:

Սույն գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու դիմում է 2 անգամ դատարան ներկայացրել «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲ ընկերությունը: Սակայն դատարանը վերադարձրել է այն: Նշենք, որ «ԷՆ ԷՌ ԷՄ» ՓԲԸ-ն անմիջական հետաքրքրվածություն ունի այս գործում, քանի որ 04.06.2021 թվականին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու համար: Ապա այս ընկերության՝ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկարաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը 2021թ-ի հոկտեմբերի 28-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացություն է ստացել, որից հետո ՏԿԵ նախարարի 02.12.2021 թվականի 2343-Ա հրամանով կասեցվել է «ԷՆ ԷՌ ԷՄ» ՓԲԸ-ի 04.06.2021 թվականի դիմումի վերաբերյալ որոշման ընդունման ժամկետը:  

Դատական վեճում հաղթելուց հետո «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն նոր հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՏԿԵՆ-ի՝ պահանջելով վերջինիս պարտավորեցնել Թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղել և դրա գործողության ժամկետը 9.2 տարվա փոխարեն 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրել: Դատարանի 03.01.2022 թվականի որոշմամբ ընկերության հայցադիմումն ընդունվել է վարույթ: 

www.ecolur.org

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր