
«Նովէյր» հայկական գրանցում ունեցող ավիաընկերությանը պատկանող օդանավն այսօր առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից թռիչք է կատարել դեպի Կապան։ 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության օդանավում փորձնական թռիչքի ժամանակ եղել են միայն օդաչուները։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի պատասխանատու Լիլիթ Աղաբեկյանը։
Թե երբ կսկսվեն Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումները, Լիլիթ Աղաբեկյանի խոսքով՝ դեռ հստակ չէ, բայց թռիչքը կտևի մոտ 45 րոպե։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Քաղաքացիական ավիացայի կոմիտեն հայտնեց, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58-ին բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը։ Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին:
Քաղաքացիական ավիացայի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին:
Ըստ հաղորդագրության՝ այս թռիչքը պատմական էր, քանի որ 90-ականներից Կապանի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվել՝ բացառությամբ 2017 թվականին իրականացված մեկ մասնավոր թռիչքի:
Նարա Մարտիրոսյան
Նյութի աղբյուր՝ civic.am













