Առատ ձյան տեղումների հետևանքով Սյունիքի հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ փակվել էին։ Առաջացած խնդիրները լուծելու և արագ արձագանքելու համար մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի աշխատանքները ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Մարտիրոսյանը։ ArmDaily.am-ի հետ զրույցում Էդգար Մարտիրոսյանն ասաց, որ մարզի միջպետական բոլոր ճանպաարհներն այս պահին երթևեկելի են։ «Դժվարանցանելի է M 2 Կապան-Տաթև ճանապարհի Վերին Խոտանան-Աղվանի հատվածը։ Դա, այսպես ասենք, այլընտրանքային ճանապարհն է՝ H 46 կամ 47, որը հիմա միջպետական ճանապարհի կարգավիճակ ունի»,- նշեց Մարտիրոսյանը։
Նա նաև նշեց, որ այդ հատվածն այժմ երթևեկելի է 4x4 մեքենաների համար, մնացած մեքենաների համար դժվարանցանելի է.«Հիմա այս պահին այդ ճանապարհի վրա աշխատանքներ են իրականացվում, ձնամաքրման աշխատանքները այս պահին էլ իրականացվում են և այս պահին միակ դժվարանցանելի հատվածը դա է»։
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան մեր հարցին, նկատեց, որ ճանապարհային ոստիկանությունը, ճանապարհային իրադրությունից ելնելով, այս կամ այն հատվածում կարող է ճանապարհը փակել,եթե փակեց՝ բնականաբար կուտակում կլինի, ոչ թե խցանում, քանի որ դա կարգավորվող պրոցես է։ «Դա կապված է ճանապարհի որևէ հատվածում, ենթադրենք, բուք կա, քամի կա, որը ձյունը բերում, լցնում է, ճանապարհաշինական ընկերությունը տեղեկավություն տալիս է ճանապարհային ոստիկանությանը և ԱԻՆ-ին, ճանապարհային ոստիկանությունն ու ԱԻՆ-ը փորձում են կառավարել մեքենաների հոսքը՝ դեպի այդ ուղղություն։ Կես ժամ առաջ մարզպետարանից աշխատանքային խումբ է ուղարկվել դեպի իմ նշած ուղղությամբ՝ երեք խնդիր լուծելու համար՝ ա)՝ հասկանալ՝ կուտակում կա, թե չէ, բ)՝ այդ մարդկանց, ովքեր կանգնած են հիմա ճանապարհին, իրենց ապահովել տաք թեյով, սուրճով, տվյալ պահին տաքանալու համար անհրաժեշտ այլ բաներով և գ)`եթե օրինակ մարդ կա բժշկության օգնության կարիք ունի ու նմանատիպ այլ խնդիրներ, այդ ինֆորմացիան Բժշկական կենտրոններին հասցնելու համար»,-ասաց Մարտիրոսյանը։
Մեր հարցին` արդյոք երեկվա դրությամբ դեպքեր գրանցվել են, երբ որևէ մեկին բժշկական անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ եղել, սակայն ճանապարհների փակ լինելու հետևանքով տեղափոխումը ԲԿ հնարավոր չի լինի՝ ասաց, որ ոչ։ Մարտիրոսյանն ասաց, որ սովորաբար բուք հիմնականում լինում է Գորիս-Սիսիան ճանապարհին: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղկեվարն ասաց, որ մեր զանգից մեկ րոպե առաջ Սիսիանի ՃանՇինի տնօրենի հետ է խոսել և վերջինս տեղեկացրել է, որ իր կողմից սպասարկվող տարածքում այս պահին բուք չկա։













