Այս կիրակի իրանցիները նշում էին Նովրուզը և մեր հարևան երկրի մի շարք քաղաքացիներ եկել էին Հայաստանում անցկացնելու օրը։ Այս տարի, սակայն, առատ ձյան տեղումների հետևանքով Սյունիքի հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ փակվել էին և մեծ թվով իրանցիներ Կապանում են անցկացրել իրենց Ամանորը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը ասաց, որ երկու օր առաջ տեղ չի եղել հատկապես Կապանում։
«Քանի որ 3 օր Կապան-Տաթև ճանապարհը փակ կամ դժվարանցանելի է եղել, հիմնականում Կապանում են մնացել։ Ծանրաբեռնված են եղել նաև Մեղրիի և Քաջարանի հյուրանոցները։ Մյուս տեղերը հյուրանոցները ծանրաբեռնված չեն եղել։ Նույնիսկ որոշ գիշերելու տեղերում ենք փորձել տեղավորել իրանցիներին։ Հաջորդ օրը որոշ մասը կարողացել է շարժվել՝ որոշ մասը հետ է գնացել, որոշ մասը շարժվել է դեպի Երևան»,- ասաց Կարախանյանը։
Ինչպես նշեց Կարախանյանը՝ այսօր արդեն ճանապարհը անցանելի է և փոքր մեքենաները հնարավորություն ունեն շարժվեն դեպի Երևան։
«Օպերատիվ շտաբը գործում է, այդտեղից արդեն փորձում ենք ուղղորդել մարդկանց, որ կարող են շարժվել կամ չեն կարող շարժվել, որ հատվածն է փակ կամ բաց»,- ասաց բաժնի պետը։














