Վերջին լուրեր:
2022թ․ մայիսի 7-ին, Կապան համայնքի «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ն «հյուրընկալել» էր Եվրոպական այծյամ։ Ավելի պարզ՝ կենդանին հայտնվել էր օդանավակայանի մերձակա տարածքում և աշխատակազմը գերադասել էր «մոլորված գեղեցկուհուն» ներս թողնել թռիչքուղու տարածք՝ մինչև կորոշվի, թե ինչպես նրան վերադարձնել անտառային գոտի։ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ տնօրինությունը կատարվածի մասին տեղեկացրել էր հարակից անտառային տարածքի պատասխանատու՝ ՀՀ ՇՄՆ ԱԿ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին։ Այսօր, «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի մեր գործընկերների հետ այծյամը «բռնվել» է թռիչքուղու տարածքում և բաց թողնվել անտառային գոտում։
ՀՀ ՇՄՆ ԱԿ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղը շնորհակալություն է հայտնում Կապան համայնքի «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի աշխատակազմին՝ ի դեմս տնօրեն Կարեն Վարդանյանի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակազմին՝ ի դեմս տնօրեն Արման Մկրտչյանի, այծյամին անտառ վերադարձնելուն աջակցելու համար։
Եվրոպական այծյամ


Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։ Մարմինը համեմատաբար կարճ է՝ երկարությունը՝ մինչև 140 սմ, բարձրությունը՝ 90 սմ, կենդանի զանգվածը՝ 55–60 կգ։ Վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով։ Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը։ Սիրում է նաև առափնյա եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները։
Տեսանյութ













