Կապանի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին 17-րդ դարում է կառուցվել։ Չնայած կիսաքանդ ու վթարային վիճակին՝ ներկայում էլ բարաբաթումցիները այցելում են եկեղեցի, կատարում ծիսակարգեր։
«Մի քանի ամիս առաջ Բարաբաթում թաղամասի երիտասարդները դիմեցին ինձ՝ ասելով, որ ցանկություն ունեն եկեղեցին վերականգնելու, սակայն պետք են թույլտվություն եւ միջոցներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Վերջինս դիմել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ աջակցման խնդրանքով։

Բարաբաթում պատգամավորը եկել էր ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի հետ։ Այցը ճանաչողական էր՝ նախնական պատկերացում կազմելու եկեղեցու վերականգնման ծրագրի մասին։ «Նորոգվելու է եկեղեցին, բարեկարգվելու է հարակից տարածքը, երեւի մոտ երկու ամսից կմեկնարկեն աշխատանքները, իսկ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն պեղումները»,-ասում է Դավիթ Դանիելյանը։ Պատգամավորի խոսքով, ոգեւորիչ է, երբ պետական կառույցներից բացի, քաղաքացիներն են հետաքրքրվում իրենց տարածքների պատմական կառույցների պահպանման ու վերանորոգման աշխատանքներով։ «Պատմա-մշակութային ժառանգությունը մեր ազգի, մեր պետության անձնագիրն է ու պետք է դրանք պահպանվեն»,-նշում է Դավիթ Դանիելյանը։
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա արդեն նախնական պայմանավորվածություններ կան մասնավոր սեկտորի հետ, կկազմակերպվեն նաեւ հանգանակություններ։ Մանրամասները տեսանյութում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am













