ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց, թե ինչ փուլում է գտնվում «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը, տարբեր հատվածներում ինչ աշխատանքներ են իրականացվում այս պահին:
Սանոսյանն այս մասին խոսեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր ելույթում:
«5 տրանշից է բաղկացած, որոնցից փաստացի միայն մեկն է, որ հիմա պատրաստ է: Դա Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածն է: Մյուս հատվածները տարբեր փուլերում են գտնվում: Հիմա շինարարական փուլում է Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածը (Տրանշ 3): Մի կտորը՝ Թալինից Լանջիկ հատվածն ավարտված է գրեթե ամբողջությամբ, ավելի շուտ հարակից աշխատանքներ են մնացել, քան բուն ճանապարհի վրա աշխատանքը: Շինարարության փուլում է Լանջիկից Գյումրի հատվածը, որը կարծում ենք, որ այս տարի կավարտվի»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ եթե 2024-ին մնան որոշ աշխատանքներ, հիմնականում ասֆալտապատմանը չեն վերաբերի, այլ՝ հարակից աշխատանքներին:
Աշտարակից-Թալին հատվածը, որը շուրջ 42 կմ է, բաժանված է երկու կտորների՝ 8 կմ-անոց և 34: 8 կմ-անոց հատվածում շինարարություն է, 34-ում՝ մոտ 3 ամսվա ընթացքում կլինի շինարար: Նախարարը պարզաբանեց, որ դա այն հայտնի բարդ հատվածն է, որտեղ դատական վեճ կա իսպանական ընկերության հետ: «Բազմաթիվ խնդիրներ կան: Բայց կարծես բոլորիս ջանքերի արդյունքում կարողացանք այդ բոլորին զուգահեռ նաև մրցութային գործընթաց տանել, մեկում ունենալ շինարար, մյուսում մոտ ժամանակներս կունենանք»,-ասաց Սանոսյանը:
Մրցույթին մասնակցել է 23 ընկերություն: Նախարարի խոսքով՝ մրցույթը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել համաշխարհային խոշոր շինարարական ընկերությունների մոտ: Հիմա տեղի է ունենում գնահատման գործընթաց:
Սանոսյանը նաև հայտնեց, որ Քաջարանի թունելի հետ կապված նախագիծ կա, բայց, քննարկումների փուլում են: Տարբեր շինարարական ընկերություններից, այդ թվում իրանական, առաջարկներ կան: Վերջնականացնենք քննարկումները, կհասկանանք մեխանիզմը: Նկատի ունեմ՝ պետական բյուջեով կֆինանսավորենք, վարկային միջոցներ կներգրավենք, պետություն-մասնավոր գործակցություն կիրականացնեք. Բոլոր սցենարները կան: Այդ հատվածը ևս կարող է մտնել շինարարական փուլ:
Նյութի աղբյուր` 168.am













