Քաջարան
5 995

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Քաջարան համայնք և տեսակցել 100-ամյա Արշալույս տատին


Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելեց Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։ 

Նրանց հյուրընկալեցին Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:

 Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրեց Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը: 

ՀՀ վարչապետի տիկնոջ և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվեց պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ էր և պատերազմի դաշտ մեկնեց 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։ Տիկին Թադևոսյանը Աննա Հակոբյանին ցույց տվեց իր ստացած մեդալները և պատմեց, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակեց մինչև պատերազմի ավարտը:

 1945 թվականից հետո վերադարձավ հայրենիք և տարիներ շարունակ աշխատեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում: Վարչապետի տիկինը հետաքրքրվեց 100-ամյա տատիկի առողջությամբ։ Նա պատասխանեց, որ հիշողությունից չի բողոքում, միայն լսողությունն է վատացել։ Զրույցը շարունակվեց Արշալույս տատի ասմունքով։ Նա արտասանեց Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը: 

Տիկին Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր