Գորիսեցի Արա Միրզոյանն առաջարկում է Գագիկ Ծառուկյանի կողմից տեղադրվող Քրիստոսի արձանը տեղադրել Գորիսի Լաստ սարի վրա։ Այդ մասին նշված է նրա ֆեյսբուքյան էջում։
«Եթե ի վերջո Քրիստոսի արձանը այնուամենայնիվ պիտի տեղադրվի Հայաստանում, ապա առաջարկում եմ այն չտեղադրել առանց այն էլ Երևանին մոտիկ ու արդեն զբոսաշրջային առումով ակտիվ Ծաղկաձորում: Այն ավելի լավ կդիտվի Գորիսում՝ Լաստի Խութ կոչվող սարի կատարին: Այն ունի բրգաձև տեսք և տեսանելի է քաղաքի ցանկացած մասից: Այդ սարը բնական պատվանդան է և խոյանում ու հովանավորում է իր տեսքով ամբողջ քաղաքը: Այս արձանը տեսնելու համար հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ կժամանեն Գորիս, ինչը կնպաստի և՛ քաղաքի զարգացմանը, և՛ մարզի, ինչը ռազմավարական նշանակություն ունի:
Photoshop-ին տիրապետող ընկերներիս խնդրում եմ ընտրված արձանը տեղադրել լուսանկարի վրա, որպեսզի տեսարանը ավելի պատկերավոր դառնա: Օգնեք գաղափարը հեղինակներին հասցնելու գործում»,-նշված է Արա Միրզոյանի ֆեյսբուքյան էջում:













