Երեկ ֆեյսբուքյան ուղերձ է հղել Հայաստանում հետախուզման մեջ գտնվող և Ֆրանսիայում թաքնվող Սյունիքի նախկին մարզպետ, ապօրինի գույքի բռնագանձման և մի քանի այլ քրեական հոդվածներով Հայաստանում անցնող Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան։
«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ հզո՛ր սյունեցիներ
Մեր պայքարը վերջնական փուլն է թևակոխել, որին միացել են նաև սյունեցիները։
Ֆրանսիայի հրապարակում գիշեր֊ցերեկ պայքարի են դուրս եկել մեր հայրենակիցները։ Այնտեղ մեր կողմից վրան է տեղադրվել, որտեղ համախմբվել են Սյունիքից Երևան եկած մեր համախոհները։ Գիտեմ, որ դժվար է գիշերել վրանում, բայց առավել դժվար է թշնամուն ներս թողնել Հայաստանի դարպասներից ներս և բնակվել նրանց հետ մեկ հարկի տակ։
Իմ արժանապատիվ սյունեցիներին խնդրում, հորդորում եմ միանալ վերջնական պայքարին՝ ազատագրելու մեր երկիրը թրքահպատակ իշխանությունից։ Հասել է ժամը, հասունացել է պայքարը և մենք պիտի և պարտավոր ենք հաղթել ներքին թշնամուն, որ կարողանանք նորից ոտքի կանգնել և պատվով ապրել։
Բոլորս միասին դեպի արժանապատիվ ապագա, դեպի Ֆրանսիայի հրապարակ և դեպի հաղթանակ։»,-գրել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։
Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձի հրավիրվել են Գլխավոր դատախազություն:













