Գորիս
555

Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը կրկին վաճառվել է


Որոտանի կասկադի նոր սեփականատեր է դարձել ամերիկյան KKR ներդրումային ֆոնդը․ այս մասին տեղեկանում ենք ինչպես Որոտանի հիդրոէլեկտրակայանների (հէկ) կասկադի սեփականատեր «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի ներկայացրած իրական շահառուի հայտարարությունից, այնպես էլ Կառավարության 2024-ի բյուջեի ուղերձից։

Այդ փաստաթղթերից երևում է, որ «Քոնթուր գլոբալ»-ին որպես սեփականատեր փոխարինել է ամերիկյան KKR ֆոնդը, որը ներդումներ է անում տարբեր երկրների մասնավոր կապիտալում, վարկային և անշարժ ակտիվներում, ինչպիսիք են ենթակառուցվածքներն ու անշարժ գույքը։ Այս ընկերությունը 56 մլրդ դոլարի ակտիվներ է կառավարում, KKR-ի կողմից ղեկավարվող ենթակառուցվածքային պորտֆոլիոյում ներգրավված ընկերություններն ունեն ավելի քան 36 000 աշխատակից։

Որոտան հէկերի համալիրը «Քոնթուր գլոբալը» ձեռք էր բերել 2015-ին 180 մլն դոլարով, ապա խոստացել ներդնել 70 մլն դոլար: Գործարքի շուրջ հանրային մեծ աղմուկ բարձրացավ, կար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ռիսկ։

Սակայն այս գործարքը նաև հակակշիռ էր համարվում, քանի որ մինչ այդ էներգետիկ համակարգում խոշոր ներդրումներ իրականացրել էր միայն Ռուսաստանը։ Ամերիկյան կողմը նաև պայման էր առաջ քաշել, որ Որոտանի հէկերի էլեկտրաէներգիան չի կարող արտահանվել Իրան։

Որոտանի հիդրոկասկադի վաճառքի մասին է վկայում նաև «Քոնթուր գլոբալ»-ի տարեկան հաշվետվությունը, որով հաստատվում է, որ ընկերության հայաստանյան ակտիվը 2022-ին վաճառվել է KKR-ին՝ համաձայն ընկերության բաժնետերերի ժողովի որոշման։

Հայաստանի կառավարությունը 2024-ի պետական բյուջեի ուղերձում որոշակի անհանգստություն է հայտնում Որոտանի կասկադի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի վերաբերյալ։ Ըստ դրա՝ «գործարքով պայմանավորված՝ ընկերության վարկային բեռն ավելացել է ու Fitch-ը (միջազգային վարկանիշային կազմակերպություն) խմբի վարկանիշը դասակարգել է որպես «բացասական դիտարկում»»։

KKR-ի կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմանը հաջորդել է ընկերության տնօրենի փոփոխություն։ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի նոր գլխավոր տնօրեն է դարձել ֆինանսիստ Ալվինա Աբաջյանը, որը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կնոջ քույրն է։ Նա 2019-ից աշխատել է ընկերությունում որպես գլխավոր ֆինանսական տնօրեն, մինչ այդ էլ որպես ֆինանսիստ-աուդիտոր աշխատել է այլ ընկերություններում։ Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արա Հովսեփյանը, որը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ»-ի տնօրենն էր ընկերության հայաստանյան շուկա մուտքից ի վեր։

Որոտանի հիդրոկասկադը շահագործման է հանձնվել 1989-ին։ Հզորությունը 404 Մվտ է։

Այն երեք հիդրոէներգետիկական կառույցների՝ Սպանդարյանի, Շամբի և Տաթևի հէկերի համալիրն է։ Գտնվում է Հայաստանի հարավում՝ Որոտան գետի վերին և միջին հոսանքների հատվածում։ Առաջինը գործարկվել է Տաթևի ՀԷԿ-ը՝ 1970-ին, ապա Շամբին՝ 1978-ին, և Սպանդարյանի հէկերը՝ 1989-ին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Որոտանի կասկադը ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության մոտ 10 տոկոսը։

Լուսինե Վարդանյան

Նյութի աղբյուր՝ civilnet.am

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր