Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի ներմուծման և արտահանման դեպքերի բացահայտման ուղղությամբ
Վերջին շաբաթվա ընթացքում բացահայտվել են նաև ծխախոտային արտադրանքի հետ կապված մի շարք իրավախախտումներ։
Իրանից ժամանած ՀՀ 3 քաղաքացու մոտ էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, ինչպես նաև չհայտարարագրված ընդհանուր 160 տուփ ծխախոտ։ Հիշյալ ծխախոտի մի մասն ամրացված է եղել քաղաքացու մարմնի վրա և հայտնաբերվել է անձնական զննման արդյունքում։
Հարուցվել են վարչական վարույթներ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով։
Մեկ այլ դեպքով էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած Իրանի քաղաքացու մոտ գտնվող ծխախոտի տուփերում Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 316 դեղահաբ։
ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։













