Սյունիք / Կապան / Հայաստան
377

ՏԿԵ նախարարն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին


ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ 


Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին՝ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում մարզը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելու և սրտացավ աշխատանքի համար։ «Այդ փուլում, իսկապես, նման մարդու կարիք կար, ու համոզված եմ՝ կշարունակեք ծառայել մեր հայրենիքին», - նշել է նախարարը։  


Ապա նախարար Սանոսյանը շնորհավորել է Ռոբերտ Ղուկասյանին՝ հաջողություններ մաղթելով մարզպետին առաջիկա բարդ աշխատանքում։ Նախարարը կարևորել է հանգամանքը, որ Ղուկասյանը վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում, ղեկավարել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը, լավ ծանոթ է մարզի խնդիրներին։ 


Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար և հաստատել, որ, այո, մարզի հիմնական խնդիրներն իրեն ծանոթ են։ Այդ խնդիրներն արդեն մատնանշված են թե՛ համայնքների ղեկավարների, թե՛ այլ մարզային կառույցների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում։ «Քննարկումների բազմաթիվ առիթներ ենք ունեցել, և վստահ եմ, որ բոլորս միասնաբար կարող ենք հաղթահարել ամեն խնդիր։ Միակ նախապայմանը միասնական լինելն է ու միասին ծառայելը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Սյունիքի ու նրա բնակիչների․ այս նպատակի համար համար ես անելու եմ առավելագույնը», - ընդգծել է նորանշանակ մարզպետը։ 

Մելիքսեթ Պողոսյանն իր հերթին  շնորհավորել է Ղուկասյանին ու հաջողություն մաղթել նրան։ Պողոսյանը հակիրճ հաշվետվություն է ներկայացրել մարզում իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացված ծրագրերի ու կատարված աշխատանքի վերաբերյալ։



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր