Սյունիք / Մեղրի
3 348

Մեղրիով անցնող երկաթգծի վրա 4 մաքսակետ է դրվելու. երկաթուղին մեզ դուրս կբերի նաև Իրան


Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի։ Մինչ այդ երկաթուղիների թեման շարունակում է քննարկման առարկա մնալ։ Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը  նշում է, որ հայրենակիցներից շատերը բավարար տեղեկություններ չունեն Հայաստանի երկաթուղիների  և նրանց ապաշրջափակման վերաբերյալ նյութերի մասին: Խորհրդային օրերին Հայաստանի երկաթգծերի ցանցը ուներ հետևյալ պատկերը՝՝ Երևանը Իրանին միացնող Ջուլֆան, որն այժմ փակ է,  Ջուլֆայից դեպի Մեղրի-Մինջևան, ապա դեպի Հորադիզ-Բաքու շարունակող գիծը, որն այժմ նույնպես անհասանելի է, Երևան-Գյումրի -Վանաձոր-Բագրատաշեն -Թբիլիսի գիծը, որն աշխատում է Գյումրիից Կարս գնացող գիծը, որը նմանապես փակ է և Երևանից Սևան -Իջևան-Ղազախ ճանապարհով Բաքու և Ռուսաստան հասնող գիծը, որը ևս փակ է:


Այսպիսով հինգ երկաթուղային ելքերից այսօր մենք ունենք միայն մեկը, որը մեզ միացնում է Թբիլիսիին:


Քարտեզագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեպի հարավ գնացող երկաթուղիներից կարևորը այն ճանապարհն է, որը հիմա չունենք. «Մեր երկաթգիծը Երասխից մտնում է Նախիջևան, հասնում մինչև Իրանի սահման՝ Ջուլֆա, այնտեղից շարունակում դեպի Մեղրի, ապա Հորադիզ: Այդ ճանապարհը, որն անցնում է ամբողջ Նախիջևանի տարածքով, մեզ հասանելի չէ, փակ է: Հիմա երբ բացվի, մենք ճանապարհ կունենանք Երևանից Նախիջևանի միջոցով հասնելու մինչև Իրանի սահման՝ Ջուլֆա, այնտեղից միանալով իրանական երկաթուղային ցանցին, կգնանք մինչև Պարսից ծոց: Իսկ եթե չթեքվենք դեպի Իրան, այլ շարունակենք, կհասնենք Մեղրի, որտեղ Հայաստանը սահմանակից է Իրանի հետ: Այդ կտորը Հայաստանի տարածքով պետք է անցնի, մինչև դուրս գա դեպի Ֆիզուլի գնացող ճանապարհ, շարունակի դեպի Հորադիզ, Բաքու, ապա նաև Մոսկվա և այլն: Այդ ճանապարհն է, որ այսօր հույժ կարևոր է մեզ համար առևտրային տեսակետից: Բայց այդ ճանապարհին պետք է լինեն մաքսային անցակետեր՝ մեկը Երասխից դեպի Նախիջևան մտնող հատվածում, մեկը Իրան գնացող հատվածում մաքսակետը, մյուսը Նախիջևանից Մեղրի մտնելուց սահմանին պետք է լինի մաքսակետ: Հայաստանի միջով 45 կմ անցնում ենք դեպի Ադրբեջան և այդտեղ ևս մաքսակետ է պետք»,-ասաց նա:


Գալիչյանը հիշեցրեց, որ Մեղրիով անցնող երկաթգիծը որոշ անհատների կողմից ապամոնտաժվել է և այսօր դա պետք է վերականգնվի, վերակառուցվի. «Դա հնարավոր է անել մի 2 տարվա ընթացքում, որի համար շատ մեծ գումարներ պետք կլինեն»:

Հարցին, թե արդյոք ակտիվ աշխատանքներ տարվում են տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու ուղղությամբ, քարտեզագիրը պատասխանեց. «Ես չեղյակ չեմ, թե արդյոք այդ ուղղությամբ ակտիվություն կա, թե ոչ: Այս պահին խոսվում են ծրագրերի մասին, որոնցով նախատեսվում է նախ թղթի վրա ծրագրավորել, հետո անցնել իրականացմանը»:


Ռուբեն Գալիչյանի խոսքով, այս պահին մենք ունենք Երևան-Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի երկաթգիծը, որը փոքր գծով միանում էր դեպի Իջևան գնացող գծին, այնտեղից էլ Բաքու: Դա շտապ կառուցված գիծ էր, որի ճանապարհի վրա սողանքներ կային: Դա էլ կարելի է վերականգնել և նաև այդ ճանապարհով միանալ դեպի հյուսիս, դեպի Մոսկվա գնացող երկաթուղուն»:

Հարցին, թե Մեղրիով անցնող երկաթուղու վերագործարկումը ում է  ավելի ձեռնտու լինելու, նա պատասխանեց. «Ձեռնտու է լինելու նրան, ով ապրանք է փոխադրում: Եթե մենք Իրանից ապրանք ենք բերում երկաթուղով, կամ Իրան ապրանք ենք ուղարկում, իսկ երկաթուղով ավելի էժան է, ապա ձեռնտու կլինի մեզ: Նույնը վերաբերում է դեպի Ռուսաստան ուղղությանը: Այսօր միայն Վրաստանով անցնող երկաթուղին է գործում»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տարվեն, երկու տարում հնարավոր կլինի երկաթգիծը գործարկել:



ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր