Վերջին լուրեր:
Զանգեզուրում մեծ տեղ էր հատկացված թթենու աճեցմանը, որը բացի շերամապահության մեջ օգտագործելուց ուներ մի այլ նպատակ ևս, այն էր՝ նրա պտուղից օղի քաշելը։ Օղին զանգեզուրում կենցաղի մեջ մտած պահանջ էր։ Մի թաս օղիով նա սկսում էր իր օրը՝ աղոթք անելով և օրվա հաջողությունը աստծուց հայցելով։ Հյուրի ներս մտնելուն պես նա հրամցնում էր օղին՝ մազայով։
Մինչև հարսանիք տղայի տանից աղջկա տուն մի քանի անգամ այս կամ այն օրվա առիթով օղին՝ շշով կամ փոքրիկ կուլիկով, նվեր էր ուղարկվում։ Հարսանիքի ժամանակ հյուրերի շարքերով պտտվում էր օղու գավաթը։ Օղիով խմում էին հագուցյալի հիշատակը և մաղթում, որ հանդերձյալ կյանքում նրա հոգին լուսավորվի։ Այսպիսի դեպքերում օղու անհրաժեշտորեն գործածվելն անշուշտ վերապրել է շատ նախնական ծիսակատարություններ․ օղին այստեղ փոխարինել է հին նվիրական խմիչքին։
Զանգեզուրում օղեքաշությունը ժողովրդի բարօրության մեջ մի այնպիսի խոշոր աղբյուր չէր, ինչպիսին էր այդ ճյուղը Արցախում, որտեղ արտահանվող արտադրանքիների մեջ օղին բռնում էր առաջնակարգ տեղերից մեկը։ Օղին քաշում էին ջեջից (մզած խաղողի մնացորդներից՝ ճաճ, ճաճա, Մեղրու բարբառով՝ ճեռնը), վայրի պտուղներից, բայց առավելապես թթից՝ զուտ տեղական գործածության համար։ Թեև Զանգեզուրի անտառները հարուստ են վայրի պտուղներով, օրինակ՝ հոնով, այնուամենայնիվ, օղին գերադասում էին քաշել թթից։
Քաշելու սարքավորումը շատ պարզ ձև ուներ։ Մի քանի հասարակ քարերով կազմված օջախի կրակի վրա դրվում էր կոնաձև կաթսա․ նրա վրա որպես կափարիչ դրվում էր կիսակլոր պղնձե թաղար, որի գլխին ամրացված էր «Ռ» տառի ձև ունեցող լայն խողովակ։ Եփվող թթի գոլորշիները փոխադրվում էին երկու կոռնով՝ ծունկերով, դեպի 2 մ երկարություն և 7-8 սմ տրամագիծ ունեցող հորիզանական խողովակը՝ «լյուլան»։ Խողովակը զետեղվում էր փայտե նավի մեջ, երբեմն ուղղակի աղբյուրից հանած առվակի մեջ, որտեղ շարունակ հոսող ջուրը սառեցնում էր գոլորշիները և արդեն պատրաստի օղին խողովակի ծայրից կաթկթում էր տակը դրված որևէ ամանի մեջ։ Ամբողջ սարքավորումը պղնձից էր։
Մի ամանից մյուս ամանը թե՛ օղին և թե՛ առհասարակ որևէ հեղուկ՝ գինի, ձեթ, նավթ ածելու համար գործ էր ածվում պղնձե ձագար՝ ռահաթի։
Oղու թորելու ընթացքը, Սյունիք













