Սյունիք
273

Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն միս ու արյուն է ստանում, ներգրավվել են ֆրանսիական ընկերություններ. Փաշինյան


«Ուզում եմ հատկապես ընդգծել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի՝ Բարբուշատի թունելի կառուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը և համաձայնությունը: Սա մի նոր փուլ է ոչ միայն Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև ճանապարհաշինության ոլորտում նոր որակի ստանդարտ սահմանելու ճանապարհին»:

Այս մասին փաստաթղթերի ստորագրումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նրա փոխանցմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շրջանակում սահմանված ստանդարտներն իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ ու գիտելիքներ ունեցող ընկերություններ են պետք, և տվյալ դեպքում ներգրավվել են ֆրանսիական շինարարական կազմակերպություններ:

Ըստ ՀՀ վարչապետի՝ մինչ փաստաթղթի ստորագրումն ինքը տեղեկացրել է նախագահ Մակրոնին, որ այսպիսի նախագիծ կա և խնդիր, և նրա առաջնորդությամբ այն իրականություն է դարձել:

«Սա մեր երկրում իրականացվող սուպերնախագծերից մեկն է՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ խոսքը Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամենաբարդ հատվածներից մեկի մասին է, որի իրականացման համար անհրաժեշտ են առանձնահատուկ հմտություններ ու կարողություններ:

«Ինչպես բազմաթիվ նման դեպքերում, Ֆրանսիան և նախագահ Մակրոնը կանգնեցին Հայաստանի կողքին: Մենք այսօր կարող ենք ասել, որ Հյուսիս-հարավ հսկայական նախագիծը, սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում: Մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ քայլերով ենք այդ ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնելու»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Մակրոնին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել:





ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր