2026 թվականի մարտի 27-ին Կապան համայնքում արձանագրվել է դիտորդի նկատմամբ հավաքներին մասնակցելու իրավունքի խոչընդոտման դեպք։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։
«Մասնավորապես, նախապես հրապարակային եղանակով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Կապանի բնակիչների հետ հրավիրված հանդիպման ընթացքում «Ականատես» առաքելության դիտորդը ներկայացել է որպես դիտորդ՝ կրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան վկայական։
Սակայն, երբ կուսակցության ներկայացուցիչը պարզել է նրա դիտորդ լինելու հանգամանքը, վերջինիս չի թույլատրվել ներկա գտնվել միջոցառմանը և նա ապօրինի կերպով դուրս է հրավիրվել տարածքից։
Միևնույն ժամանակ, որևէ պատճառաբանություն չի ներկայացվել հավաքին դիտորդի մասնակցությունը արգելելու վերաբերյալ։
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով տվյալ միջոցառումը համարվում է հանրային հավաք։
Հատկանշական է, որ միջադեպի ընթացքում դիտորդին տարածքից հեռանալու պահանջ է ներկայացրել Մուշեղ Վարդանյանը, ում ներկայացրել են որպես կուսակցության իրավաբան։
Միջադեպը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ ընտրողների հետ հանդիպումները հանդիսանում են հանրային բնույթի միջոցառումներ, որոնք բաց են անորոշ շրջանակի քաղաքացիների մասնակցության համար։ Նման պայմաններում դիտորդների ներգրավվածության սահմանափակումը կարող է հարցականի տակ դնել գործընթացների թափանցիկությունը։
«Ականատես» դիտորդական առաքելությունն ընդգծում է, որ Կապանում տեղի ունեցած գործողությունները խաթարում են ընտրական գործընթացների բարեվարքությունն ու վստահելիությունը և առնվազն պարունակում են վարչական զանցանքի հատկանիշներ (Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, հոդված 180․1)։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին՝
հարգել հավաքների ազատության իրավունքը և բացառել խտրականության դրսևորումները այս իրավունքի իրացման շրջանակներում,
ապահովել իրենց գործունեության թափանցիկությունը,
համագործակցել դիտորդական առաքելությունների հետ՝ նպաստելով ազատ, արդար և վստահելի ընտրական գործընթացների ապահովմանը»,-նշված է հայտարարությունում։













