«Հայաստանն ապաշրջափակվում է, TRIPP-ի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը: TRIPP-ով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփելով 2025 թվականի արտաքին քաղաքական օրակարգը:
«Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը, և առկա խնդիրներն էլ ենթակա են հասցեագրման»,- ասել է Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ տարվա գլխավոր իրադարձությունը վաշինգտոնյան գագաթնաժողովն էր. խաղաղություն, ապաշրջափակում՝ հանրահռչակված սկզբունքներով:
«Ռազմավարական գործընկերությունների՝ գետնի վրա կյանքի կոչման ուղղությամբ աշխատանք է տարվում, կոնկրետ արդյունքներ կան: Կանխատեսում էլ անեմ՝ առաջիկայում էլ նոր գործընկերություններ կհաստատվեն»,- տեղեկացրել է նախարար Միրզոյանը:














