Սյունիք / Կապան
458

Կառավարությունը շուրջ 369 մլն ՀՀ դրամ է հատկացրել Կապանի թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգման համար


Գիտելիքի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող  օրը՝ սեպտեմբերի 1-ին, Կապանում նշանավորվել է նաև ՝ Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատության վերագործարկմամբ։

Շուրջ 160 փոքրիկների առջև արդեն պաշտոնապես իր հյուրընկալ դռներն է բացել ամբողջությամբ հիմնանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանեցված մանկապարտեզը։ Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող և կառուցման օրվանից երբևէ չվերանորոգված հաստատությունն այսօր երեխաներին է դիմավորում նոր, լուսավոր, ընդարձակ ու հարմարավետ պայմաններում։
Ներքին հարդարումը և ձևավորումը կատարվել են գունային ներդաշնակ ու ջերմ լուծումներով՝ նպաստելով երեխայի մտավոր ու հոգևոր առողջ զարգացմանը։ Բարեկարգվել են նաև բակը և հարակից տարածքները, տեղադրվել են նոր խաղասարքեր, զրուցարան-տաղավարներ։
Մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 461 մլն ՀՀ դրամ, որից մոտ 369 մլն դրամը՝ ՀՀ Կառավարության ներդրումն է։ Կահավորումն իրականացվել է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թ․ կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրի շրջանակում։
Այս նախաձեռնությունն ընդգծում է կառավարության անշեղ հանձնառությունը՝ ստեղծել հավասար և որակյալ կրթական միջավայր Հայաստանի բոլոր մարզերում՝ ամուր հիմք դնելով վաղ մանկության կրթության շարունակական բարելավմանն ու զարգացմանը։
ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր