Հարգելի՛ գործընկեր, սիրով հրավիրում ենք լուսաբանելու Թումո Կապանի պաշտոնական բացումը, որը տեղի կունենա մարտի 2-ին` ժամը 16:00-ին, Երկաթուղայինների 18/1 հասցեում: 1932 թվականին կառուցված երկաթուղային կայարանի պատմական շենքը վերանորոգվել է՝ պահպանելով իր պատմական դիմագիծը և վերածվելով արդիական կրթական կենտրոնի:
Թումո Կապանը կկապի Սյունիքի հարավային համայնքները, ներառյալ Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերը` 2000 սյունեցի պատանիների համար հասանելի դարձնելով Թումոյի նորարական կրթական ծրագիրը: Կենտրոնը կունենա լիարժեք հագեցած կրթական տարածք Թումոյի ուսանողների համար, ինչպես նաև` տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ձեռներեցությունը խթանելու համար անհրաժեշտ պայմաններ։
Թումո Կապանի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցրչներ, Թումոյի և համայնքի միջազգային և տեղացի գործընկերներ, կենտրոնի ուսանողական և ծնողական համայնքը և հանրությունը։
Պաշտոնական արարողությանը կհաջորդի Բարեկենդանի տոնակատարությունը, որը կներառի ավանդական երգ ու պար, լարախաղացություն, խորհրդանշական կենդանիների հանդերձանքով դիմակահանդես, համերգ և աուդիովիզուալ փորձառություն։
Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և մեր դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։
Միջոցառման մուտքն ազատ է: |