«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն ակտիվ շինտեխնիկա է աշխատեցնում Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերգետնյա հատվածում։ «Հետքի» լուսանկարներում երեւում են երկրի մակերեւույթին հայտնված մեծ խոռոչներ, որոնք տանում են դեպքի ստորգետնյա հանք։ Հիշեցնենք, որ Շահումյանի հանքավայրը, ըստ առկա թույլտվության, պետք է շահագործվի փակ (ստորգետնյա) եղանակով:
Հանքավայրից ոչ մեծ հեռավորության վրա ապրող կապանցիները «Հետքին» հայտնել են, որ Շահումյանի տարածքից նաեւ պայթեցումների ձայներ են լսել։ Ըստ բնակիչների՝ հանքարդյունաբերող ընկերությունը ծածուկ, առանց թույլտվության սկսել է հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ։ Նրանց տեղեկացմամբ՝ կոմբինատը խախտում է վաղուց գործող իր ներքին «ոսկե կանոնը»՝ հանքավայրը երբեք չշահագործել բաց եղանակով։
Կապան քաղաքի վարչական տարածքում ընդգրկված Շահումյան բանավանը, որը գտնվում է քաղաքի հյուսիս-արեւելքում, 2000-ականներին հայտնվել էր կոմբինատի ուշադրության ներքո, որն այն ժամանակ կոչվում էր «Դինո Գոլդ Մայնինգ» եւ պատկանում էր կանադացիներին: Վերջիններս որոշել էին բաց հանքի շահագործման նպատակով ուսումնասիրություններ իրականացնել այդտեղ, ու «Դինոն» գնել էր շահումյանցիների հողերը: