Սյունիք / Գորիս
3 150

Կրակոցներ՝ Գորիսում. կա վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել է BMW՝ կրակոցի հետքերով, կրակված պարկուճներ և արնանման հետքեր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ-ն Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Գորիսի քննչական բաժնի պետի և հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը, իսկ ոստիկանները մոտավորապես պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը:  

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը:




Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Նյութի աղբյուր՝ Shamshyan.com

ԿԻՍՎԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ՀԵՏ:

Գովազդ

Միացեք մեզ ֆեյսբուքում

Վերջին լուրեր