Մեղրին (քաղաք’ 1984-ից) գտնվում է Երևանից 373 կմ հարավ’ նույնանուն գետի ափին’ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում՝ 605 մետր բարձրության վրա:
Համայնքի տարածքը 3 քառ.կմ է, բնակչությունը՝ 4, 5 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):
Այն բնակեցված է եղել դեռևս նախնադարում: Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդներ: V դ-ի սկզբին կոչվել է Կարճավան: Ենթարկվել է թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակություններին: XVIII դ-ի սկզբին մեղրեցիները մասնակցել են Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը:
Տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը մշակող արդյունաբերությունն է: Որոշակի տեսակարար կշիռ ունեն էլեկտրաէներգիայի և մրգերի պահածոների ու հյութերի արտադրությունը:
Մեղրիում 1-ին ծխական դպրոցը բացվել է 1881-ին: Գործում են մանկապարտեզ, 2 հանրակրթական, երաժշտական, գեղարվեստի, մարզական դպրոցներ, Մեղրու պետական քոլեջը, ժողոբչդական թատրոնը, գրադարանային ցանց, Մեղրու շրջանային բժշկական կենտրոնը:
Քաղաքում են Սբ Մարիամ Աստվածածին, Սբ Հովհաննես, Սբ Սարգիս եկեղեցիները և Անապատաց վանքը (բոլորը’ XVII դ.), Մեղրու 6 բերդերը (1083, շրջապատող լեռների վրա):