ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման և տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա։
Նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել և վերագործարկել Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Նռնաձոր – Ագարակ, Երասխ-Նախիջևանի սահմանի երկաթգծերը, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը հանդիսանում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը։
«Այն նպատակ ունի կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը, և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների։
Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Խաղաղության խաչմերուկը ոչ թե գալիս է մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները»,–ասել է նա։
Միրզոյանի դիտարկմամբ՝ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է և պատրաստ է շարունակել իր ակտիվ ջանքերը՝ արդիականացնելու առկա հաղորդակցության և տրանսպորտային ուղիները և կառուցելու նորերը։
«Դրա վառ օրինակ է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը, որը բարձր առաջնայնություն ունեցող ռազմավարական ծրագիր է մեր երկրի համար և կապահովի ոչ միայն Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանների միջև կապը, այլև նշանակալի ձևով կնպաստի Պարսից ծոցի և Սև ծովի միջև փոխկապակցվածությունը՝ դառնալով կարևոր տարանցիկ հանգույց՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջև»,–ասել է նա։
Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։